Հիմա և մոտակա ամիսներին հանրային դիսկուրս են մտնելու տարաբնույթ «էքսպերտներ», «խորհրդատուներ», «փորձառու քաղաքական գործիչներ», դեսպանատների ներկայացուցիչներ և այլն:

Նրանք արտահայտելու են տեսակետներ, որոնց էական մասը լինելու է «անկողմնակալ» կարծիքի քողի տակ իրենց շահերի արտահայտումը:

Նման մարդկանց տեսակետները կարող են խեղաթյուրել և մոլորեցնել հանրությունը: Դա թույլ չտալու համար, հարկավոր է հետևել հետևյալ քայլերին:

– Ցանկացած տեսակետ լսելիս փորձե՛ք հասկանալ, թե ո՞վ է դա արտահայտում, ինչ ֆինանսական շահեր ունի, ինչ կապվածություն ունի նախկին իշխանությունների հետ: Հիշե՛ք ՀՀԿ-ն ամենուր է եղել, և ցանկացած խոշոր բիզնես պրոեկտ իրականացնող նրանց հետ առնչվել է: Հիմա իշխանության փոփոխմամբ, նրանք պետք է պաշտպանեն իրենց բիզնես շահերը, և կարող են «անկախ վերլուծաբանների» միջոցով փորձել լվալ ՀՀԿ-ի դեմքը:

– Անկախ նրանից, թե ով է տեսակետը արտահայտում, հասկացե՛ք նաև, թե դա ու՞ր է տանում, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ և որքանով է մեր՝ հանրության, շահերին համապատասխանում:

Գնահատե՛ք, թե որքանով է դա համապատասխանում շարժման ոգուն և մեր պատկերացումներին։

– Վերլուծե՛ք փաստերը ինքներդ: Մի՛ ընդունեք այլոց վերլուծությունների եզրակացությունները՝ որպես փաստ: Ցանկացած վերլուծություն կարդալիս կամ լսելիս փորձե՛ք ստուգել այնտեղ նշվող փաստերը: Դրանք կարող են խեղաթյուրված լինել:

– Մի՛ հանդուրժեք չափից շատ դռնփակ քննարկումներ և բանակցություններ: Պահանջե՛ք նման քննարկումների հանրայնացում: Մի՛ ստացեք տեղեկատվություն միայն այդ քննարկումների հեռակա վերլուծություններից երրորդ անձանց միջոցով:

– Ձևավորե՛ք պահանջ, որ վերլուծաբանները, ինչպես նաև խոշոր լրատվականները բացահայտեն իրենց ֆինանսավորման աղբյուրները և թե ինչ այլ շահեր կամ կապեր ունեն քաղաքական ուժերի և արտաքին ուժերի հետ:

– Կան վերլուծաբան ներկայացող անձինք, որոնք ուղղակիորեն ֆինանսավորվում են կամ աշխատում են օտարերկրյա դեսպանատներում: Հաշվի՛ առեք այդ հանգամանքը նրանց նյութերին ծանոթանալիս:

Օրինակներ

Օրինակ 1. Արդեն սկսել են հնչել տեսակատներ, որ ՀՀԿ-ն պետք է ինքնամաքրվի, և ապա կառուցվում է մի ամվողջ վերլուծություն դրա շուրջ:

Նման տեսակատները ի սկազբանե ենթադրում են, որ ՀՀԿ-ն պետք է գոյություն ունենա, ինչը կեղծ հիմք է վերլուծության համար: ՀՀԿ-ի ճակատագիրը պետք որոշվի ազնիվ ընտրություններում և միայն այդպես: Այն կարող է նաև դուրս մղվել քաղաքական դաշտից ընդհանրապես կամ լուծարվել: Հանրությունը չպետք է առաջնորդվի այն մտքով, որ ՀՀԿ-ն պետք է գույություն ունենա, «ինքնամաքրված» կամ «ոչ ինքնամաքրված»:

Օրինակ 2. Նշվում է, թե նոր կառավարությունը պետք է ձևավորվի բանակցությունների արդյունքում:
Գուցե: Բայց իմանալով ՀՀԿ-ի անցած ուղին, կառավարության ձևովորման հիմնական սկզբունքը պետք է լինի հետևյալը.
ա) ՀՀԿ-ն չպետք է զբաղեցնի որևէ պաշտոն, ինչը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է նրան ընտրությունների արդյունքների վրա լծակներ տրամադրել
բ) ՀՀԿ-ն չպետք է լինի այնպիսի դիրքերում, ինչը թույլ կտա նրան վերացնել կամ խեղաթյուրել նախկին չարաշահումների ապացույցները:

Եվ վերջապես…

Հարգելի՛ քաղաքացիներ: Մենք մոտ ենք հաղթանակին, սակայն միշտ ռիսկ կա, որ մեր՝ փողոցում վաստակած հաղթանակը կարող է մսխվել կաբինետներում: Մենք պետք է լինենք ուշադիր, վերլուծենք տեղեկատվությունը և տարբեակենք սուտը իրականությունից, տեր կանգնենք մեր իրավունքներին և չթողնենք, որ մեզնից նորից խլեն արդարությունը:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

fifteen + 4 =